10 նոյեմբերի 2015 - 15:44 AMT
Համերգ Վիեննայում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Նոյեմբերի 7-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգը, որն աշխարհի մի շարք քաղաքներում կայացած եզրափակիչ համերգներից մեկն էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Համերգը կազմակերպվել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից` «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համատեղ:

Համերգը տեղի է ունեցել Վիեննայի Մյուզիկֆերայն համերգասրահի գլխավոր դահլիճում` Գրոսսեր Զալում:

Համերգին հնչել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Բրամսի, Ռախմանինովի, Բիզեի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Կատարումներով հանդես են եել ավստրիաբնակ դաշնակահար Նարե Աղրամանյանը և ջութակահար Էմանուել Ճգնավորյանը, հանրահռչակ թավջութակահար Միշա Մայսկին և իր ընտանեկան տրիոն, ինչպես նաև Լիանա Հարությունյանը, Հովհաննես Այվազյանը, Վարդուհի Խաչատրյանը և Բարսեղ Թումանյանը, որոնք Սալցբուրգի Camerata նվագախմբի և Bachchor երգչախմբի ուղեկցությամբ կատարել են Մոցարտի Ռեքվիեմը: Այն խմբավարում էր անվանի հայ երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանը:

Համերգին ներկա էին Ավստրիայում և միջազգային կառույցներում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ավստրիայի խորհրդարանի անդամներ, գործադիր և օրենսդիր իշխանական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիահայ համայնքի անդամներ:

Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունը 2015-ի ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Հայտարարությունը սահմանում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է անում ժամանակակից Թուրքիային առերեսվել պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով: