Տարեսկզբից արդեն իսկ 1.273 ապօրինի ծառ է հատվել, նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Նա նշել է, որ այս թիվը համեմատելի չէ իննսունական թվականների մասսայական ապօրինի ծառահատումների հետ: Մաթևոսյանը հայտնել է, որ 50 սմ տրամագծով ապօրինի հատված ծառի դիմաց փոխհատուցումը կազմում է մոտավորապես 100.000 դրամ և բազմաթիվ քաղաքացիներ պատասխանատվության են ենթարկվել:
Ապօրինի հատված ծառերի թիվը 2014-ին կազմել է 1063, իսկ 2013-ին՝ 928:
«Անտառային համակարգի կայուն կառավարման տեսակետից շատ կարևոր է անտառօգտագործումը և անտառապահպանումը տարանջատել, իսկ մեզ մոտ da միացված է», - նկատել է ՊՈԱԿ-ի տնօրենը, մեջբերում է Tert.am-ը:
Նա նշել է, որ սահմանամերձ որոշ համայնքների՝ գյուղապետի հետ խորհրդակցությամբ անվճար վառելափայտ է տրամադրվել:
Անդրադարձավ ձմռան նախաշեմին ավանդաբար կրկնվող անտառահատման դեպքերին՝ Մաթևոսյանն ասել է.
«Արդեն իսկ տասը ամսվա ընթացքում մթերած փայտանյութի ծավալը կազմում է 24 հազար խորանարդ մետր: Հիմնական փայտանյութի մթերումը կատարվում է աշնանը»:
Ինչ վերաբերում է անտառվերականգնման աշխատանքներին, ապա Մաթևոսյանն ասել է, որ 2015-ին 175 հա անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել, թեև անհրաժեշտ է ավելի շատ ծառ տնկել:
«Ակտիվ աշխատում են միջազգային կառույցների հետ՝ կապած վերականգնման աշխատանքների հետ: Հայաստանի համար, որքան էլ տնկենք, քիչ է»,- ասել է նա:
Համաձայն 2005-ի Միջազգային անտառաբուծության տեսության՝ ՀՀ-ում միայն 1991-1996թ.թ. ընթացքում տարեկան 600.000 կուբամետր ծառ է կտրվել:
2013-ին ՀՀ անտառային հողերը կազմել են 334.3 հազ. հա, որի 86.6%-ը ծածկված է անտառներով: Իրականացված անտառ-տնտեսական աշխատանքների ծավալը կազմել է 1 492.9 մլն. դրամ, որի 97.6%-ը` տնտեսական եղանակով: 2013-ին ավելացել է անտառահատումների ծավալը՝ կազմելով 2 539.5 հա: