ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել երկու վարկային ծրագրերի: Նախագծերը ներկայացրել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Առաջին նախագծով հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015-ի հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վարկային համաձայնագիրը»՝ $88,5 միլիոնի վարկի չափով:
ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատել է ՀՀ պետական հանրակրթականդպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030-ի ծրագիրը: Այն ուղղված է ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցմանը` բարելավելով 377 գերակա դպրոցի սեյսմիկ անվտանգությունը, որպեսզի նվազեցվեն դպրոցներում հնարավոր զոհերը և վնասները երկրաշարժերի ժամանակ: Կիրականացվեն ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման, երկրի շինարարական նորմերի վերանայման և թարմացման, մասնագիտական վերապատրաստման և բնակչության իրազեկման աշխատանքներ:
Գերակա համարվող 377 դպրոցի ուժեղացման կամ նորի կառուցման համար, նախնական գնահատականներով, պահանջվում է $617 մլն` ընդհանուր գնահատված արժեքով:
Նախարարի խոսքով՝ ծրագրի նպատակն է նպաստել դպրոցների սեյսմիկ ուժեղացմանն ու վերականգնմանը:
«Ծրագրի նպատակներից է դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում, սեյսմիկ աղետի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների հզորացում», - ասել է նախարարը, մեջբերում է Tert.am-ը:
Անդրադառնալով վարկի պայմաններին՝ նախարարը նկատել է, որ մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ է 5 տարին, տոկոսադրույքը կազմում է 2%:
Մյուս վարկային ծրագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:
Համաձայն այս համաձայնագրի՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին կտրամադրի $40 միլիոնի վարկ՝ ոռոգման համակարգերիր զարգացում ծրագրի ֆինանսավորման համար.
«Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ տարածքում ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ֆունկցիոնալ կարողությունների զարգացումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը», - ասել է Խաչատրյանը:
Այս վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ է 10 տարին, տոկոսադրույքը՝ 2%:
Նշված ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրված համայնքներում ոռոգման ջրանցքների վերանորոգում, մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: