19 նոյեմբերի 2015 - 12:24 AMT
ՀԴԲ-ն խոստովանել է, որ անզոր է վերծանել ԻՊ գրոհայինների նամակագրությունը համացանցում

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Քոմին, ելույթ ունենալով Նյու Յորքում կիբերանվտանգությանը նվիրված խորհրդաժողովում, հայտարարել է, որ ԻՊ գրոհայինների կողմից օգտագործվող ծածկագրման մեթոդները ստիպել են գերատեսչությանը փակուղում հայտնվել:

Ըստ նրա, բյուրոն հետևում է սոցցանցերում պոտենցիալ ահաբեկիչների հետ կազմակերպության քարոզիչների նամակագրությանը, դատարանի թույլտվությամբ զննում է «գրոհայիններին համակրող» քաղաքացիների էլփոստը: Սակայն, հենց որ ինչ-որ մեկը ցանկություն է հայտնում մահապարտ դառնալ, ահաբեկիչներն անցնում են ծածկագրված հարթակներ` հայտնվելով «ստվերում»:

Փարիզյան ահաբեկչությունները կարող են լուրջ հիմնավորում դառնալ այնպիսի օրենքի ընդունման համար, որն ազգային անվտանգության շահերը վեր կդասի քաղաքացու գաղտնի նամակագրության իրավունքից, գրում է The Wall Street Journal-ը:

«Իսլամական պետությունը» լուրջ գիտելիքներ է «ցուցադրում տեխնոլոգիաների ոլորտում». ծայրահեղականները մի շարք ուսումնական ձեռնարկներ են հրապարակել, որոնք պատմում են, թե ինչպես նվազագույն ծախսերով խուսափել էլեկտրոնային գաղտնագրումից, այդ թվում 8-րոպեանոց տեսանյութ հատուկ ծառայությունների գաղտնալսման հնարավորությունների մասին: ԻՊ-ն նաև կազմել է կողմնակի օգտատերից առավել պաշտպանված բջջային սարքերի և բջջային հավելվածներ մշակողների վարկանիշը:

Նույն խորհրդաժողովում Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը բողոքել է, որ նույնիսկ դատարանի որոշումը թույլ չի տվել ավելի հասանելի դարձնել բջջային սարքերն ավելի քան 100 դեպքում` Apple Inc. և Google-ի նոր օպերացիոն համակարգերը թույլ չեն տալիս քննիչներին «մուտք գործել» հեռախոս առանց ծածկագրի, և նույնիսկ իրենք արտադրող ընկերություններն անզոր եղան սեփական արտադրանքը «կոտրել», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2014-ին Apple-ի ղեկավարչ Թիմ Քուկը հայտարարեց, որ օգտատերի մասնավոր կյանքի անվտանգությունն ու գաղտնիությունը «հիմնարար են» Apple սարքերի համար: Նա ասաց, որ ընկերությունը «երբեք չի աշխատել կառավարության և հատուկ ծառայությունների» համար և հասանելիություն չի տվել նրանց ընկերության արտադրանքին կամ ծառայություններին: