21 նոյեմբերի 2015 - 13:59 AMT
Զաքարյան. Լավրովը չի համոզում տարածքային զիջումներ անել Ղարաբաղի հարցում

Այն լուրերը, թե ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան՝ Ղարաբաղի վերաբերյալ տարածքային զիջումներ պարտադրելու մտադրությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Հայ-ռուսական օրակարգը խիստ բազմազան է: Ռուսաստանի դերակատարությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում շատ կարևոր է, ուստի բնական է, որ այցի ընթացքում քննարկվել է հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշել է Զաքարյանը, մեջբերում է Tert.am-ը:

Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հստակ է ու անփոփոխ:

«Միայն Ադրբեջանի կառուցողական գործողությունների արդյունքում հնարավոր կլինի առաջ տանել բանակցային գործընթացը, այլապես մենք կունենանք ավելի մեծ մտահոգություն սահմանին, իսկ տարածաշրջանում՝ կայունության սպառնալիքի մեծացում», - ասել նա:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարարն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրիկարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում: