21 նոյեմբերի 2015 - 14:21 AMT
Արցախում կառուցվող 50 առանձնատնից 24-ը շահագործման կհանձնվեն մինչև 2015-ի ավարտը

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կառուցվող 50 առանձնատնից 24-ը շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը:

Առանձնատներում այժմ վերջին աշխատանքներն են տարվում: Կատարվում է արտաքին հարդարում, բարեկարգվում է բնակարանների մերձակա տարածքը: Մյուս 26 բնակարանը պատրաստ կլինեն 2016-ին: Այստեղ կատարվում է արտաքին ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցումը:

Բնակարանների շինարարությունը սկսվել է 2013 ից` ԼՂՀ կառավարության վերաբնակեցման գոտու զարգացման ծրագրերի շրջանակներում: Ֆինանսավորումն իրականացվում է «ARI 3 Limited» ընկերության, ԼՂՀ Կառավարության և Արցախի ներդրումային հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

ԼՂՀ Մարտունի քաղաքում բնակարաններ են կառուցվում զինծառայողների համար նաև. 93 բնակարան ունեցող չորս շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2015 թվականի վերջ: Ներկայումս տարվում են ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ թաղամասը կունենա կենտրոնացված ջեռուցում և խաղահրապարակ: Բնակարանները կտրամադրվեն սոցիալապես անապահով, բազմազավակ և ՊԲ զինծառայողների ընտանիքների, մի մասը՝ հիփոթեքային վարկավորմամբ: Նոր թաղամասի կառուցման աշխատանքները իրականացվում է բարեգործական հիմունքներով: