25 նոյեմբերի 2015 - 16:35 AMT
Այվազովսկու և հայերեն առաջին Աստվածաշնչի հոբելյանները՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում

Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը և աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ:

Որոշումը կայացվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, նոյեմբերի 4-ից 18-ը տեղի ունեցած Գլխավոր կոնֆերանսի 38-րդ նստաշրջանի ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայաստանի կողմից ներկայացված «Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350 ամյակը» հայտը ստացել է Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությունը, իսկ Ռուսաստանի հետ համատեղ ներկայացված «Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտը՝ Իտալիայի աջակցությունը:

1998-ից առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է ՀՀ կողմից ներկայացված 21 հոբելյանական տարեթիվ: