Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից, որի պատճառով 1,5 ամիս խաղադաշտ դուրս չէր եկել:
Յայ ֆուտբոլիստը վերջին մարզումն անցկացրել է «կարմրասպիտակների» հիմնական թիմի հետ և պատրաստ է մասնակցել «Կռիլյա Սովետովի» դեմ առաջիկա խաղին, «Սպորտ Էքսպրես»-ին հղումով գրում է Tert.am-ը:
«Սպարտակի» մեկ այլ հայ լեգիոնական Արազ Օզբիլիսը նույնպես վերջերս է ապաքինվել վնասվածքից և հայտավորված էր «Ռուբինի» դեմ նախորդ խաղին, որում սակայն ասպարեզ դուրս չի եկել:
Նոյեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը կարիերան կարող է շարունակել Անգլիայում: 28-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է անգլիական Չեմփիոնշիփի մասնակից Լոնդոնի «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ին:
Մովսիսյանը մտադիր էր վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբ, որի կազմում հանդես էլ գալիս մինչև Եվրոպա տեղափոխվելը, սակայն առավել հեռանկարային տարբերակ ի հայտ եկավ Անգլիայի հետ կապված: Ըստ անգլիական մամուլի, «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի ղեկավարությունը Մովսիսյանին տեսնում է Չարլի Օսթինի փոխարինողի դերում, որը ձմռանը, հավանաբար, կհեռանա թիմից:
Նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»: «Սպարտակը», հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մովսիսյանը խաղացել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ում 2007-2009 թթ.:
«Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ի ամռանը: Այս խաղաշրջանում նա 10 խաղի է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ: