7 դեկտեմբերի 2015 - 15:36 AMT
Ադրբեջանի ՊՆ-ը հաստատել է իրենց սպայի զոհվելու լուրը

Ծանր վիրավորվել, ապա հիվանդանոցում վիրահատությունից հետո մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Աբդուլա Մոլաևը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ սպան վիրավորվել էր «թշնամական կողմի սկսած գնդակոծության հետևանքով», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեռ դեկտեմբերի 6-ին սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են:

Պաշտոնական աղբյուրներն ու ադրբեջանական լրատվակայքերն այդ մասին լռում էին:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները այս օրերին հաղորդում են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների ինտենսիվացման մասին, ինչի հետևանքով հայկական Զինված ուժերի մի զինծառայող զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Երկու գերատեսչությունները հայտարարել էին, որ հայկական Զինված ուժերը համարժեք պատասխան են տալու հակառակորդի գործողություններին, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Կարդացեք նաև՝ ԼՂՀ ՊՆ. ՊԲ գնդապետի զոհվելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է