17 դեկտեմբերի 2015 - 11:31 AMT
Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին՝ Շվեյցարիայում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը 2014-ի հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում: Այդ ժամանակ նախագահները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև կայացել է Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը։

Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար 2014-ի ընթացքում երրորդն էր: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը:

Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: