17 դեկտեմբերի 2015 - 14:09 AMT
Մարմնամարզիկներ Դավթյանը և Թովմասյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում: Արթուր Դավթյանը, ով դեկտեմբերի 16-ին ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, առաջինն է եղել նաև հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում` երկրորդը:

Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ը կայացել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում էին 30 երկրի 140 մարզիկ:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2013-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում լավագույն արդյունքն է ցույց տվել 2015-ի Ունիվերսիադայում՝ արժանանալով ոսկե մեդալի:

Photo: © SrpotGymRus