7 դեկտեմբերի 2006 - 13:02 AMT
Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 18-րդ տարեդարձը
Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 18-րդ տարեդարձը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին ուժգին երկրաշարժի հետեւանքով ավերվեցին մի քանի քաղաքներ եւ շուրջ 300 գյուղ: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, առանց տանիքի մնացին մեկ միլիոնից ավելին: Անսովոր ուժի ստորերկրյա ցնցումները 30 վայրկյանների ընթացքում ոչնչացրեցին Սպիտակը, որը երկրաշարժի կենտրոնում էր, ավերակների վերածեցին Լենինականը (Գյումրի), Ստեփանավանը, Կիրովականը (այժմ Վանաձոր): Երկրաշարժի գոտին ընդգրկեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ստորերկրյա ցնցումները զգացվեցին Երեւանում եւ Թբիլիսիում: Ինչպես նշում են փորձագետները, էպիկենտրոնում այնքան էներգիա արտազատվեց, որ համարժեք էր Խիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի պայթյունին:

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք կայցելեն Գյումրի եւ ծաղկեպսակներ կդնեն երկրաշարժի զոհերի հուշահամալիրին: