19 դեկտեմբերի 2015 - 16:47 AMT
$400 մլն-ի ներդրում բրիտանական հոլդինգից՝ ՀՀ ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին, ով պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում մոտ $400 մլն արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել:

Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների և ներկայում տարվող աշխատանքների ընթացքը: «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ընկերությունը մտադիր է չսահմանափակվել այս ներդրումային ծրագրով և շահագրգռված է ընդլայնել գործակցության ուղղությունների շրջանակը:

Աբրահամյանը կարևորել է մեր երկրի էներգետիկայի ոլորտում նման խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը և գոհունակություն հայտնել այդ ուղղությամբ կատարվող գործնական քայլերի կապակցությամբ: Վարչապետը ողջունել է նաև «Գրեյնջ հոլդինգ»-ի՝ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է զարգացնել գործակցությունը: