22 դեկտեմբերի 2015 - 11:08 AMT
Պետդեպ. ԱՄՆ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԱՄՆ-ն «հստակորեն միտված է» ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Քիրբիին խնդրել են մեկնաբանել դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես նշել է Քիրբին, «այդ գագաթնաժողովը երկու երկրների նախագահներին հնարավորություն տվեց հանդիպել վերջին տարում առաջին անգամ և պարզել դիրքորոշումները»: Ըստ նրա, «նախագահները խոստովանել են իրավիճակի վատթարացումը»:

Քիրբին նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է «խաղաղ բնակչության շրջանում զոհերի նվազեցմանը»: Ըստ նրա, ամերիկյան պատվիրակությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս և ֆրանսիացի համանախագահների հետ միասին շարունակում է այդ միջոցների քննարկումը»:

Պետդեպի ներկայացուցիչը կարևորել է «ժողովրդական դիվանագիտությունը, հատկապես Լեռնային Ղարաբաղի համայնքներում, որտեղ մարդիկ սերունդներով կողք կողքի են ապրել և այժմ պետք է կրկին վստահեն միմյանց», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:

Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն:

Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում: «Այս հանդիպման ժամանակ կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումները խնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահների ներկայացրած տարբեր տարրերի ու սկբունքների շուրջ: Կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում: Բայց այստեղ Ադրբեջանի մոտեցումները ոչ միայն մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլև կարող ենք ասել, որ դրանք չեն համընկնում եռանախագահող երկրների առաջարկներին»,- ասել է Նալբանդյանը,

Ավելի վաղ բանակցություններն ամփոփող հայտարարություն էին տարածել Մինսկի խմբի համանախագահները: Տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում էր, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն: