22 դեկտեմբերի 2015 - 15:33 AMT
Շուվալով. ԵՏՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ ԱԱԳ մասին պայմանագիրը խզելու ՌԴ որոշմանը

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները, Ռուսաստանի հետ մեկտեղ ճիշտ են համարում Ուկրաինայի հետ Առևտրի ազատ գոտու մասին պայմագիրը խզելու որոշումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը ԵՏՄ գագաթնաժողովի ավարտին:

«Հարցն այնպես չէր դրված` պատրաստ են նրանք, թե ոչ: Նրանք ասացին, որ սկզբունքորեն ճիշտ կլիներ, որ բոլոր 5 անդամները միասնական որոշում կայացնեին»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը:

Պատճառներն, ըստ Շուվալովի, ավելի շուտ փակ քննարկման առարկա են: «Եթե հիմա ինչ-որ սահմանափակումներ չեն ընդունվում ԵՏՄ 5 անդամների առումով, ապա միայն տեխնիկական տարրերի ու հարցերի պատճառով` պետք է այնուամենայնիվ նայել, թե ինչպես կարող են տուժել գործող պայմանագրերը, հատկապես Ղազախստանում և Բելառուսում»,-ասել է նա:

Շուվալովն ասել է, որ ռուսական պատվիրակությունը չի պնդել, որ սահմանափակող միջոցներ կիրառվեն Ուկրաինայի դեմ նաև այլ երկրների հետ հարաբերություններում:

Դեկտեմբերի 21-ին ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտնեց, որ կարգադրություն է ստորագրել Ուկրաինայի դեմ պատասխան միջոցներ կիրառելու մասին` հակառուսական պատժամիջոցներին Կիևի միանալու դիմաց:

«2016-ի հունվարի 1-ից Ուկրաինայի վրա կտարածվեն պատասխան տնտեսական միջոնցեր, քանի որ վերջինս միացել է ԵՄ և ԱՄՆ հակառուսական պատժամիջոցներին»,-ասել է նա:

«Ուկրաինայի համար վերապահում կարվի, որ Ռուսաստանը չի սահմանի պատժամիջոցներ, եթե որոշակի խորհրդակցություններ անցկացվեն և համաձայնություն ձեռք բերվի ԵՄ հետ ասոցացման տնտեսական մասով»,-հիշեցրել է վարչապետը: