25 դեկտեմբերի 2015 - 11:06 AMT
Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ընդունել է խաղընկերոջ ներողությունը

Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ընդունել է իր վրացի խաղընկեր Գայոզա Նիգալիձեի ներողությունը։

Վրացի շախմատիստը 3 տարով որակազրկվել է խարդախ խաղի համար, Chess-news.ru-ին հղումով գրում է Նովոստի Արմենիան։

2015-ի ապրիլին ՖԻԴԵ–ի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ Նիգալիձեն երեք տարով որակազարկվել է և զրկվել գրոսմայստերի կոչումից։ Նա «բռնվել» է Տիգրան Պետրոսյանի հետ խաղում հեռախոսի օգնությամբ հուշում օգտագործելու մեջ։ Մինչև 2018-ի սեպտեմբերի 5–ը չի կարողանա խաղալ հաշվարկվող մրցաշարերում, ինչպես նաև չի կարողանա լինել մրցավար, կազմակերպիչ կամ ներկայացնել շախմատի ֆեդերացիան։

Նիգալիձեն ներողություն է խնդրել, և հայ շախմատիստը հրապարակայնորեն վերջ է դրել այդ թեմային։

«Գայոզ, ներում եմ քեզ, քանի որ յուրաքանչյուրս կարող է սխալվել։ Եվ կարծում եմ, որ մարդուն պետք է հնարավորություն տալ, բայց եթե նա գիտակցել է իր սխալը։ Քո նամակից հետո կարծում եմ, որ դու գիտակցել ես։ Բայց շախմատում, ինչպես և կյանքում, կան կանոններ, որոնք պետք է պահպանել։ Կարծում եմ նաև, որ պետք է որակազարկվես արարքիդ համար», - ասվում է հաղորդման մեջ։

Նիգալիձեի` միջազգային վարպետի կոչումը կպահպանվի` հաշվի առնելով նրա զղջումն ու մեղքի ընդունումը։