25 դեկտեմբերի 2015 - 16:21 AMT
Բաբայան. Պատերազմի դեպքում բանակցելու ենք Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանների շուրջ

Հակառակորդն ամեն կերպ խախտում է հրադադարի ռեժիմը սահմաններում, և ահաբեկչությունը սահմաններում շարունակվելու է, բայց միշտ ստանում է և ստանալու է համարժեք պատասխան: Այս մասին է ԼՂՀ հայտարարել նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Հայաստանի պաշտպանական գերատեսչության դիրքորոշման հստակեցմանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին հայտարարել էր. «Սա պատերազմ է։ Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»:

Ըստ Բաբայանի, խնդիրն այն է, որ չլինեն լայնածավալ պատերազմական գործողություններ: «Ես ավելի քան համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք խաղաղությունը պահպանել, դա նաև ակնհայտ է: ՀՀ նախագահը ևս իր պատրաստակամությունն է հայտնել հարցի խաղաղ կարգավորման համար: Բայց հայկական կողմերը կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը ոչ թե նրա համար, որ թույլ են կամ վախենում են, այլ մենք անցել ենք պատերազմի միջով և չենք ցանկանում, որ այդ զրկանքները մեր ժողովուրդը կրկին տանի: Աստված մի արասցե, բայց եթե պատերազմ լինի, ապա բանակցային գործընթացն այս անգամ ընթանալու է ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, այլ Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանների շուրջ»:

Բաբայանը նկատել է, որ Արցախում մնում են այն համոզմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ աշխատանք է տարել խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից: Միաժամանակ նա նշել է.

«Ժամանակն է, որպեսզի ավելի հասցեական հայտարարություններ հնչեն: Ավելին՝ հայտարարությունները հռետորաբանությունից գործնական փուլի անցնեն, Ադրբեջանն էլ պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ իրականացնում է: Քանի այդ մեխանիզմները մշակված չեն, չեն գործելու, Ադրբեջանն ավելի հանդուգն է խախտելու հրադադարի ռեժիմը: Ճիշտ է, Ադրբեջանը չի համարձակվի լայնածավալ պատերազմ սկսել, բայց, այնուհանդերձ, միջազգային հանրությունը պիտի ավելի կոնկրետ քայլերի դիմի՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը»:

Նախագահների հանդիպման ընթացքում, դրան հաջորդած բոլոր օրերին ադրբեջանական կողմը զերծ չմնաց սադրանքներից, Բաբայանի կարծիքով՝ պետք է որոշակի «մեսիջ» լինի հենց միջազգային հանրության համար:

Վերջին երկու օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը դեկտեմբերի 25-ին կրկին խախտվել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ: Ժամը 13:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997-ին ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: