12 հունվարի 2016 - 18:42 AMT
ՀՀ քաղաքացիները Ֆրանսիա մուտքի վիզա կստանան 2 օրում

Հայաստանի քաղաքացիների համար Ֆրանսիա մուտքի վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում, հունվարի 12-ին տեղեկացրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆաբիուսն ասել է, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիների համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վիզա ստանալու ընթացակարգը արագացնելու հիմնական թիրախը Չինաստանի զբոսաշրջիկներն են: 2014-ին 1․5 միլիոն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ֆրանսիա:

ԼորանՖաբիուսը նշել է, որ Չինաստանի քաղաքացիների տուրիստական վիզայի ընթացակարգի համար մեկ օր է սահմանվում:

Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է 2014-ի հունվարի 1-ից:

2013-ին ՀՀ քաղաքացիներին Ֆրանսիա վիզա տրամադրման մասին որոշումը պետք է կայացվի առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Առանձին դեպքերում, երբ անհրաժեշտ է գործի մանրակրկիտ ուսումնասիրություն, վիզայի տրամադրման մասին որոշումը կարող է կայացվել մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, դիմումի ուսումնասիրությունը չպետք է գերազանցի 2 շաբաթը: