13 հունվարի 2016 - 10:43 AMT
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը՝ Վաշինգտոն)։ Մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից է ազատվել Տիգրան Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը կստանձնի Հայաստանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է աշխատել 2012-ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։