22 հունվարի 2016 - 16:01 AMT
Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը համալրվել է

Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը համալրվել է 8 անդամով, այդպիսով խմբի անդամների ընդհանուր թիվը հասել է 48-ի: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին ասվում է խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի և նրա տեղակալներ Ռենե Ռուքեի և Գի Թեսիեի համատեղ հայտարարության մեջ:

«Ոգևորությունը, որով մեր խումբն ընդունվում է քաղաքական բոլոր ուղղությունների, ինչպես նաև Ֆրանսիայի բոլոր շրջանները ներկայացնող պատգամավորների կողմից, վկայում է, որ մեր գործունեությունն արդյունավետ է, իսկ մեր աջակցությունը վայելող հարցը, այն է` խաղաղության և ժողովրդավարության հաստատումը Հարավային Կովկասում, արդար է»,-ասվում է տարածված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ խումբը ողջունում է նոր անդամների մուտքը, որոնք ներկայացնում են իշխանության մեջ գործող կուսակցությունները:

«Նրանց անդամակցությունը վկայում է Ֆրանսիայի քաղաքական դասի կողմից ղարաբաղյան խնդրի գրագետ ընկալման մասին և հնարավորություն է տալիս ավելի ցայտուն կերպով արտահայտել Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է Ֆրանսիա-Արցախ խմբի նախագահը, հայտնում է Panorama.am-ը: