ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը գիտնականներին հետապնդելու համար, որոնք ուղերձ էին ստորագրել` կոչ անելով դադարեցնել բռնությունները երկրի հարավ-արևելքում:
Բայդենը երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում, հանդիպումներ են նախատեսված երկրի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի հետ:
«Մենք շարունակելու ենք բացատրել Թուրքիային, որ ազատ քննադատությունը նույնքան կարևոր է, որքան ազատ շնչելը: Խոսքի և մամուլի ազատությունը ոչ միայն ամերիկյան, այլ համամարդկային արժեքներ են: Մեր դեսպան Բասը մեր երկրի դիրքորոշումը հայտնել է այդ հարցում: Այդ ազատությունները կան նաև Թուրքիայի սահմանադրության մեջ և մենք ցանկանում ենք, որ ձեր երկիրը ժողովրդավարության օրինակ դառնա ամբողջ տարածաշրջանի համար»,-ասել է Բայդենը Ստամբուլում` թուրքական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Сumhuriyet-ի վրա հղումով:
Նա հավելել է, որ խոսքի ազատության հետ կապված վիճակը Թուրքիայի առաջնորդների հետ բանակցությունների առարկա կդառնա:
Հունվարի 15-ին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 14 գիտնականի, որոնք կոչ էին ստորագրել, ուղղված իշխանություններին, երկրի հարավ-արևելքում բռնությունը դադարեցնելու և քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հորդորով: Ուղերձը ստորագրած թուրք գիտնականները մեղադրվում են «թուրք ժողովրդին, թուրքական պետությունը, կառավարութունը, խորհրդարանն ու դատրանը հրապարակավ նվաստացնելու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզելու մեջ»:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն իր միկրոբլոգում մտահագություն էր հայտնել գիտնականների ձերբակալությունների վերաբերյալ: «Բռնության կիրառման վերաբերյալ կասկածները չի կարելի հավասարեցնել ահաբեկիչներին աջակցելուն: Կառավարության քննադատությունը հավասարազոր չէ պետական դավաճանությանը»,-գրել էր նա: