25 հունվարի 2016 - 12:20 AMT
Գերմանիան ևս €14 մլն կհատկացնի Թուրքիային` «միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար»

Գերմանիան €14 միլիոնով կավելացնի տնտեսական աջակցությունը Թուրքիային միգրացիոն ճգնաժամի պատճառով: Հունվարի 24-ին այդ մասին հայտարարել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլլերը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում: «Մենք կընդլայնենք համագործակցությունը Թուրքիայի հետ և օգնությունը €36 մլն կհասցնենք €50 միլիոնի»,-ասել է նախարարը:

«Մենք սա անում ենք մարդկանց հեռանկար տալու համար»,-ասել է նա: Ըստ նրա, գումարը կծախսվի կրթական հաստատությունների կառուցման կամ ենթակառուցվածքների արդիականացման համար:

ԳԴՀ-ում Թուրքիային բազմիցս են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարող առանցքային երկիր անվանել: Թուրքիային այսպիսի դեր է վերապահվում, քանի որ առավելապես այդ երկրի տարածքով են փախստականները հայտնվում Եվրոպայում: Այսինքն, եթե Անկարան կասեցնի իր սահմանների ապօրինի հատումն օտարերկրացիների կողմից ԵՄ ուղղությամբ, դա աջակցություն կլինի Եվրոպային փախստականների դեմ պայքարում: Այդ նպատակով Բրյուսելը մտադիր է Թուրքիային €3 մլրդ հատկացնել` պայմանով, որ Անկարան կձեռնարկի փախստականների հոսքի կասեցմանն ուղղված գործողություններ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Ուստի Հռոմն արգելափակել է Անկարային գումարը հատկացնելու Եվրահանձնաժողովի որոշումը:

2015-ի նոյեմբերին կայացած բանակցությունների ժամանակ Թուրքիան համաձայնվեց աջակցել ԵՄ-ին փախստականների ճգնաժամի հաղթահարման գործում` €3 մլրդ հատկացնելու դեպքում: Մասնավորապես, նախատեսվում է գումարը ծախսել փախստականների համար ճամբարների կառուցմանն ու սահմանների ամրապնդմանը: Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ազատ մուտքը Շենգենի գոտի Թուրքիայի քաղաքացիների համար իրողություն կդառնա 2016-ի աշնանը, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, մասնավորապես, եթե հետ ընդունի բոլոր ապօրինի ներգաղթյալներին, որոնք ապաստան ստանալու իրավունք չունեն և ժամանել են երրորդ երկրներից: Բացի այց, Բրյուսելը կարագացնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը:

Սակայն խնդիրը չի լուծվել` փախստականների հոսքը Եվրամիություն չի նվազում: