27 դեկտեմբերի 2006 - 18:26 AMT
ՀՀ ՊՆ ղեկավար. Ես իրավունք ունեմ մասնակցել նախագահական ընտրություններին, ես չեմ հրաժարվի այդ իրավունքից
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գտնում է, որ իրավունք ունի մասնակցել նախագահական ընտրություններին: Ինչպես հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հանրապետության Սահմանադրությունը նրան ընձեռում է նախընտրական պայքարին մասնակցելու հնարավորություն: «Ես իրավունք ունեմ, մյուսների հետ մեկտեղ, պայքարել նախագահական ընտրություններին, եթե կա ցանկություն եւ հնարավորություն: Դա իմ իրավունքն է, եւ ես չեմ հրաժարվի դրանից»,-հայտարարել է Ս.Սարգսյանը, հավելելով, որ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը նա կկայացնի 2007 թվականի մայիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրություններից հետո: Պաշտպանության նախարարը հայտարարեց նաեւ, որ նախագահական աթոռն իր համար ինքնանպատակ չէ, եւ դրանում է էական տարբերությունը իր եւ այլ թեկնածուների միջեւ:

Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում հանդարտ կմնա: Նրա խոսքերով, որքան մոտենան խորհրդարանական ընտրություններն, այնքան, բնականաբար, կաշխուժանա նաեւ երկրի քաղաքական ոլորտը, սակայն, լարվածություն ներքաղաքական իրավիճակում չի լինի: