Թուրքիան դիմել է ԵՄ-ին` խնդրելով գրեթե կրկնապատկել միգրացիոն ճգնաժամի համար նախատեսված ֆինանսական օգնությունը` €3 մինչև €5 մլրդ: Միջոցները նախատեսված են Թուրքիայի տարածքում փախստականներին պահելու համար, հայտնում է Die Welt-ը:
Այդ մասին պարբերականին է հայտնել աղբյուրը ԵՄ դիվանագիտական շրջանակներում: «Անկարան հիմա €5 մլրդ է պահանջում, բայց մենք պատրաստ ենք հատկացնել միայն €3 մլրդ»,-ասել է պարբերականի զրուցակիցը, հայտնում է ՌԲԿ-ն:
Ըստ պարբերականի, Բրյուսելի և Անկարայի միջև բանակցությունները բարդանում են նաև այն պատճառով, որ ԵՄ-ն ցանկանում է վերահսկել միջոցների ծախսը, որոնք, ըստ եվրապաշտոնյաների, պետք է հատկացվեն միայն կոնկրետ նախագծերի համար: Վիճակը բարդանում է նաև նրանով, որ նույնիսկ խոստացված 3 միլիարդը դեռ չի հատկացվել` Իտալիայի կողմից արգելափակելու պատճառով:
2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Ուստի Հռոմն արգելափակել է Անկարային գումարը հատկացնելու Եվրահանձնաժողովի որոշումը:
Մինչդեռ փախստականների հոսքը Եվրամիություն չի նվազում: