Ադրբեջանը մտադիր է բնական գազ գնել ռուսական «Գազպրոմից» «Ազերէներժի» ԲԲԸ-ի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Էլշադ Նասիրովը, հայտնում է Haqqin.az-ը:
Նա նշել է, որ այդ նպատակով կարելի է օգտագործել SOCAR-ի ենթակառուցվածքները:
«Ազերէներժի» ԲԲԸ-ին գազի լրացուցիչ ծավալներ են հարկավոր, քանի որ առկա ծավալները բավարար չեն: Ուստի նախատեսվում է գազ ներկրել: Այդ նպատակով SOCAR-ը կարող է առաջարկել իր ենթակառուցվածքները»,-հավելել է Նասիրովը:
2015-ի հոկտեմբերին Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկ: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Ալիևը 2015-ի նոյեմբերին Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանն ունի բնական գազի բավարար պաշարներ` «նույնիսկ 100 տարի անց հարևան և եվրոպական երկրներին գազ առաքելու համար»:
Ադրբեջանի տնտեսությունն արդեն մի քանի ամիս է դժվարություններ է կրում նավթի գնի նվազման պատճառով: Ածխաջրածինների վաճառքից եկամուտների անկմանը զուգահեռ նվազում են նաև երկրի արժույթի պաշարները: