4 փետրվարի 2016 - 13:17 AMT
«Հրազդան Ցեմենտ»-ն ազատվել է մոտ 510 մլն դրամ տույժից

«Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվել է մոտ 510 մլն դրամ տույժ վճարելու պարտավորությունից: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 4-ի նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ ստեղծված իրավիճակի, այսպես կոչված, մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, գրում է Panorama.am-ը:

«Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, և ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը»,- նշել է Ճշմարիտյանը:

Գործարանի հաշվիներն արգելափակված են, ընդհանուր պարտքն էլ կազմում է մոտ 1 մլրդ դրամ, «ՎՏԲ Հայաստան» բանկում էլ գրավադրված է նաև գույքը: