5 փետրվարի 2016 - 17:55 AMT
Թուրքիայում դերսիմահայերի կոտորածների մասին պատմող Գյունդողանի 2-րդ գիրքն է հրատարակվել

Թուրքիայիում տեղի է ունեցել պատմաբան, հասարակագետ և գրող Քազըմ Գյունդողանի «Վանականի թոռները. Դերսիմահայեր-1» գրքի շնորհանդեսը:

Այն պատմում է 1895-ի հայերի կոտորածների, 1915-ի Հայոց ցեղասպանության մասին: Մասնավորապես, օրինակներով ու փաստեր են ներկայացվում Դերսիմի հայ բնակչության գույքի յուրացման, հայոց լեզվի, կրոնի, մշակույթի ոչնչացման փորձի, իրենց պատմական հայրենիքից վտարման մասին, Evrensel.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գյունդողանը գրքում անդրադառնում է այն հանգամանքին, որ ցեղասպանության ժամանակ դերսիմահայերի մեծ մասն իր կյանքը փրկելու համար հարկադրված է եղել հրաժարվելու իր կրոնից, ունեցվածքից, հասարակական դիրքից:

«Երբ դերսիմահայերը հետ են վերադարձել, պարզվել է, որ իրենց նախկին բանվորները տիրացել են իրենց ունեցվածքին: Ուստի ստիպված են եղել վարձու աշխատող դառնալ իրենց պատկանող հողերում»,- ասվում է գրքում:

Աշխատության մեջ տեղ են գտել նաև 1937-38թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ ողջ մնացած Վանք և Զիմեք գյուղերի քրիստոնյա հայերի պատմությունները:

Գյունդողանը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո Դերսիմում կանգուն մնացած միակ ուխտատեղին՝ հալվորի Սուրբ Կարապետ վանական համալիրը այդ տարիներին ավերվել է ռմբակոծության հետևանքով:

Քազըմ Գյունդողանը հեղինակն է նաև «Երկու բուռ մեղք. Դերսիմի կորած աղջիկները: Աղջիկների կոտորածը» ("İki Tutam Suç. Dersimin Kayıp Kızları. Tertele Çenequ") և «Հայ-վայի ժամանակը» (Hay vay zamanı) փաստավավերագրական ֆիլմի: Վերջինս 2013թ. տեղի ունեցած Անթալիայի 50-րդ միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: