Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում քննարկել են մեծ առևտրային կենտրոնների քանակի ավելացման հարցը:
Քննարկմանը մասնակցող հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ելույթի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի փակ լինելուն` նշելով, որ դրա բացման պարագայում Հայաստանն իր առևտրի մեծ մասը Թուրքիայի հետ կաներ, Sondakika-ին հղումով գրում է Errmenihaber.am-ը:
Փայլանը մասնավորապես ասել է.
«23 տարի է, ինչ Հայաստանի հետ սահմանը փակ է: Հիմնավորումը Ղարաբաղն է: Եթե սահմանը բաց լիներ, Հայաստանն իր առևտրի երեք չորրորդը Թուրքիայի հետ կիրականացներ: Մարդիկ կգային-կգնային: Հարաբերությունները կզարգանային: Գուցե այդպիսով Ղարաբաղի հարցն էլ լուծվեր: Երկու կողմերն էլ կարող էին այդ հարաբերությունները զարգացնել, և խնդիրները կլուծվեին»:
Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում: