10 փետրվարի 2016 - 13:52 AMT
ԱԳ փոխնախարարը Չինաստանում ՀՀ դեսպան է նշանակվել

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին հրամանագրեր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու և նրան Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Պեկին):

Հրամանագրերը տեղադրվել են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Սերգեյ Մանասարյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում, զբաղեցրել է վարչապետի օգնականի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, կառավարության քարտուղար-նախարարի պաշտոններ, 1999-2005թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: Համատեղության կարգով եղել է Հայաստանի Հանրապետության դեսպան նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում և Օմանում: 2005-2010թթ. աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան:

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

2008-ից 2016-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր Արմեն Սարգսյանը: