10 փետրվարի 2016 - 17:34 AMT
ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը խզելու առաջարկը

Ռուսաստանի արտգործնախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը առաջարկ են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ չեղյալ հայտարարել 1921-ին կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը։ Իրենց նամակում պատգամավորները հատկապես ընդգծել են Թուրքիայի վարած հետևողական ագրեսիվ քաղաքականությունը։

«Ես կարող եմ ասել, որ այժմ դեռ պետք է ուսումնասիրվի պատգամավորների նամակը, հասկանալու համար, թե դրանով ինչ են նրանք ստույգ առաջարկում», - «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Զախարովան, «Նովոստի»-ին հղոըմով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

1991-ի պայմանագրի չեղարկման առաջարկը հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: