Էստոնիայի ԱԳ նախարար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ Վրաստանը կատարել է բոլոր պարտադիր պայմանները Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ ունենալու համար: Մուտքի արտոնագրերի չեղարկումը նախատեսվում է 2016-ի առաջին կեսին:
Ինչպես հայտնում է Sputnik-Գրուզիան, այդ մասին Կալյուրանդը հայտարարել է վրաց գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը:
Կալյորանդը նշել է, որ Վրաստանը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ և կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները: «Այժմ, ըստ Եվրահանձնաժողովի գնահատականի, բոլոր չափանիշները պահպանված են և առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի մասով այլևս ոչ մի կասկած չկա»,-ասել է նախարարը:
2015-ի ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականցման համար: Եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն 2016-ի ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի: