Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության՝ այս տարվա հունվար ամսին Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները, ինչպես նաև երկկողմ պաշտպանական համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ ներկայում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, հաշվի առնելով ինչպես համագործակցության գործնական ընթացքը, այնպես էլ երկկողմ ռազմաքաղաքական երկխոսությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեսպան Ֆարնուորթը տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է զարգացնել բազմակողմանի համագործակցությունն ինչպես առկա, այնպես էլ նոր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ընթացիկ տարվա հունվարին Մեծ Բրիտանիայում տեղի են ունեցել հայ-բրիտանական պաշտպանական հերթական խորհրդակցությունները ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ: Քննարկվել են պաշտպանական բնագավառի գործակցության 2016-17 թվականների ծրագրերը: Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նախատեսվող ՀՀ պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող օրենսդրության վերանայման նպատակով, հաշվի առնելով վերոնշյալ ոլորտներում Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կառավարման մեծ փորձը՝ համագործակցության պլանով նախատեսվում է խորհրդատվական աջակցություն: