12 փետրվարի 2016 - 14:27 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ԼՂ հակամարտության կողմերին. Խուսափեք իրավիճակի սրումից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ստոլտենբերգը շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։

«Ես կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ կողմերը կամք և զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից»,- ասել է Ստոլտենբերգը, «Ազատության» հայկական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը։

Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան ի տվել՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ՀԱՆ-17 (3 արկ), ՀՀՆ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «Իստիգլալ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը դատապարտել է ծանր տեխնիկայի կիրառումը շփման գծում

Բորդյուժա. ԼՂ հարցում ՀԱՊԿ դիրքորոշումը չի փոխվել