17 փետրվարի 2016 - 14:16 AMT
Իրանցի պաշտոնյա. Գազը Վրաստան կառաքվի Հայաստանով, եթե Երևանը համաձայն լինի

Փետրվարի 16-ին Թեհրանում բանակցություններ են տեղի ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի միջև` Իրանից Վրաստան 200 մլն խմ գազ առաքելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վրացական պետական և մասնավոր հատվածի ձեռնարկությունները շահագրգռված են գազ ձեռք բերել Իրանից»,-նշել է Քամելին: «Ակնկալվում է, որ գազի առաքումները Վրաստան կսկսվեն հաջորդ իրանական տարում, որը սկսվում է մարտի 21-ին»,-հավելել է պաշտոնյան:

Ըստ նրա, առաջին պայմանագիրը կկնքվի 7 ամսով և հիմք կհանդիսանա այդ ոլորտում հետագա հնարավոր համագործակցության համար: Քամելին նաև ասել է, որ «Վրաստանը դեռ պետք է ստանա ՀՀ թույլտվությունը` իր տարածքով գազի տարանցման համար»:

«Եթե գործարքի տնտեսական նպատակահարմությունը հաստատվի, հետագայում կարող է խոսք գնալ արդեն դեպի Վրաստան գազի առաքման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին»,-ասել է ընկերության գլխավոր տնօրենը:

Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից: Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար:

Գազի հարցը Վրաստանում իշխանությունների և ընդդիմության առճակատման առարկա դարձավ, երբ Վրաստանը հայտարարեց, որ մտադիր է ավելացնել գազի գնումները ՌԴ-ում, քանի որ Ադրբեջանից ստացվող գազի քանակը չի բավարարում: Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին երկիրը Մոսկվայից կախման մեջ դնելու համար, իշխանությունները հարցը զուտ տեխնիկական են համարում: էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է նաև, որ ՌԴ-ն պահանջել է Վրաստանից փոխհաշվարկներում անցնել արտարժույթի` գազով վարձահատույց լինելու պատճառով, հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել տարանցումն ու գազի առաքումները ՀՀ կատարել Իրանի տարածքով: