Բեյրությում գործող ճարտարապետական և դիզայներական Paul Kaloustian Studio ընկերությունը նախագծել է Լոռիում կառուցվելիք կրթական կենտրոնը:
«Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի միջոցներով կառուցվող Smart Centre (խելացի կենտրոն) ուսումնական կենտրոնը կրթական, առողջապահական ու բարեգործական նախագծեր է իրականացնելու տարածաշրջանի 20 գյուղերի համար:
Ուշադրության կենտրոնում է լինելու տեխնոլոգիական կրթությունը, արվեստը, սպորտը:
Ինչպես գրում է Design Middle East պարբերականը, հիմնական շինությունը ներառում է 700 քմ ներքին բակ ու կառուցվածքով կրկնում է շրջապատող լանդշաֆտի բնագիծը:
Այնտեղ են տեղակայվելու կոմպյուտերային ու սովորական դասասենյակներ, սպորտի հրապարակ, բացօթյա սեմինարերի համար տարածություն, ռեստորան:
Առանձին կառուցվելիք երկրորդ օժանդակ շինությունը ծառայելու է որպես մանուկների համար նախատեսված տարածք ու 14 սենյակ ունեցող հյուրատուն:
«Կառույցը պատված է բետոնով ու ապակիով միայն մասնակիորեն, ինչը ստեղծում է միաժամանակ փակ և բաց տարածության էֆեկտ»,- գրում է պարբերականը:
Նախատեսվում է կյանքի կոչել նախագիծն 2016 թվականի ընթացքում:
2015 թվականի դեկտեմբերին Նյու-Յորքում անցկացված միջոցառման ընթացքում COAF հիմնադրամը ավելի քան $3.7 մլն հավաքեց Լոռիում կենտրոնը հիմնելու համար: Կենտրոնը կառուցվելու է Դեբետ գյուղի մերձակայքում, այնտեղ դասավանդվելու են անգլերեն, արվեստ, երաժշություն, օրգանական գյուղատնտեսություն, սպորտ, առողջապահություն և այլ առարկաներ: