ՌԴ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի վերաբերյալ: Ըստ երկու երկրների համատեղ հայտարարության, փետրվարի 27-ից Սիրիայում պետք է հրադադար հաստատվի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբավորումների միջև: Սակայն գրոհները ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրա» և այլ կազմավորումների զինյալների դեմ, որոնք ՄԱԿ կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ, կշարունակվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ փաստաթղթի հրադադարի պայմաններին համաձայն հակամարտության բոլոր կողմերը պետք է հայտարարեն, որ պատրաստ են պահպանել այն փետրվարի 26-ի տեղի ժամանակով 12:00-ից ոչ ուշ: Ընդ որում Սիրիայի կառավարությունը, նրանց դաշնակիցները, ներառյալ ՌԴ օդուժը, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել ԻՊ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին:
Կողմերը պայմանավորվել են, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն միասին կաշխատեն, ինչպես նաև հրադադարի խմբերի այլ անդամների հետ համատեղ, որոշելու համար այն տարածքները, որոնք մնում են ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ:
Կհստակեցվեն նաև այն շրջանները, որտեղ գործում են սիրիական ընդդիմության կամզավորումները, որպեսզի նրանք չհայտնվեն այն ուժերի հարվածների տակ, որոնք շարունակելու են մարտական գործողություններն ահաբեկչական խմբավորումների դեմ:
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայում հրադադարի մասին համաձայնությունը: «Ողջունում ենք ՌԴ և ԱՄՆ միջև համաձայնությունը՝ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ»,-ասվում է ԱԳՆ Facebook-յան էջում:
Փետրվարի 12-ին Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն էր ընդունել, որով կոչ էր արվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել մարտական գործողություններն այդ երկրում։Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հերթին ասել է, որ սատարում է կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն «չի դադարեցնի պայքարը ահաբեկիչների դեմ բանակցությունների ընթացքում»:
Ավելի վաղ Սիրիա իրենց զորքը մտցնելու պատրաստակամության մասին էին հայտարարել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն։