Գաղտնազերծվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցներից մի քանիսը, որոնց վերծանումը փաստում է ԻՊ-ի և Թուրքիայի միջև առկա գործակցության մասին։
Հեռախոսազրույցները գաղտնազերծվել են Թուրքիայի դատախազության կողմից երկրի 6 քաղաքացու անհետացման գործի շրջանակում, գրում է Russia Today-ը:
ԻՊ-ի զինյալների ու թուրք զինվորականների հեռախոսազրույցները տեղի են ունեցել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում, թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի կայքին հղումով գրում է Tert.am-ը։
Դրանք բավական ընկերական են, զրուցակիցները միմյանց «եղբայր» են կոչում:
Հրապարակված փաստաթղթերից նաև պարզ է դառնում, որ նրանց միջև սահմանի մոտ հանդիպումներ են տեղի ունեցել։
Սահմանից այն կողմ գործող ԻՊ-ականները ևս թուրքեր են։ Զրույցներից մեկի ընթացքում ԻՊ-ի անդամ թուրքն ասում է՝ «Եղբա՛յր, դու էլ ես, թուրք, ես էլ, դու էլ ես մուսուլման, ես էլ»։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարության միջև գաղտնի կապերի մասին։
Ավելի վաղ ՌԴ-ն բազմիցս հայտարարել է ԻՊ-ի գրոհայինների կողմից դեպի Թուրքիայի տարածք նավթի մաքսանենգության մասին։