23 փետրվարի 2016 - 19:13 AMT
Հայաստանում կարող է McDonald’s բացվել

Վրացի գործարար Թեմուր Չկոնիան մտադրվել է Հայաստանում McDonald’s ռեստորանների ցանց բացել:

Այդ մասին ինքը Չկոնիան հայտնել է «Սպուտնիկ» ռադիոկայանին: Նա նշել է, որ հարցը քննարկվելու է ապրիլին՝ Օրլանդոյում McDonald's ընկերության ղեկավարների հավաքին, ու կարծիք է հայտնել, որ լուծումը դրական կլինի: Որպես «կողմ» փաստարկներ, Չկոնիան, մասնավորապես, նշել է, որ հայաստանցիները սիրում են այցելել ցանցի թբիլիսյան ռեստորանները:

Առաջին ռեստորանը բացվելու է Երևանում, այնուհետև ցանցի կետեր կհայտնվեն երկրի այլ քաղաքներում: Ծրագրվում է բացել ութ ռեստորան, որտեղ կաշխատի մոտ հազար մարդ: Չկոնիան նշել է նաև, որ ցանցը հայկական գյուղամթերք է գնելու:

McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: