26 փետրվարի 2016 - 11:32 AMT
Թուրքիայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել

Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300-ամյա հայկական եկեղեցու շենքը վաճառվում է $1.5 մլն-ով: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է առուվաճառքի հայտարարությունների կոմերցիոն կայքում:

Եկեղեցու եռահարկ շինությունը վերջին տարիներին ընդհանրապես չի շահագործվել ու հիմա գտնվում է կիսաքանդ վիճակում, գրում է Ermenihaber.am-ը:

Անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգինլերը Թուրքիայի պետական Anadol» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վերոհիշյալ Սեթբաշ թաղամասում նախկինում հայեր են ապրել:

«Եկեղեցին տարբեր նպատակներով օգտագործվել է մինչև 1980-ականները, ինչից հետո մինչև օրս մնացել է լքյալ ու անբարեկարգ վիճակում», - ասել է նա:

Եկեղեցին զբաղեցնում է 300քմ տարածք՝ ունենալով 212 քմ շրջակայք:

Anadolu լրատվականը հայկական եկեղեցու վաճառքի մասին նյութը, թողարկելով երկու լեզվով, անգլերեն հրապարակման մեջ նշել է եկեղեցու հայկական լինելը, իսկ թուրքերեն հրապարակման մեջ՝ ոչ:

2015-ի հուլիսին Բուրսայի Մուդանիա շրջանի անտիկ բնակավայրերից մեկը համարվող Թիրիլիե շրջանում գտնվող բյուզանդական եկեղեցու սեփականատերն այն վաճառքի է հանել՝ հայտարարություն տեղադրելով անշարժ գույքի առուվաճառքի կայքում։ Սեփականատերը եկեղեցին $1 մլն է գնահատել:1676-ին թվագրվող ձեռագիր փաստաթղթում եկեղեցին նշվում է որպես Սուրբ Աստվածածին։ Ենթադրվում է, որ շինությունը կառուցվել է 13-րդ դարում։ Այդ տարածքներից հույների գաղթից հետո եկեղեցին սեփականաշնորհվել է։

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։