27 փետրվարի 2016 - 14:39 AMT
Հայաստանցիները կկարողանան անզեն աչքով տեսնել Յուպիտերը

Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան անզեն աչքով տեսնել Յուպիտեր մոլորակը: Այդ մասին ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը:

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, մարտի 8-ի գիշերը կհայտնվի Երկիր մոլորակի և Արևի հետ միևնույն գծի վրա, այն հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով։ Ամբողջ ձմեռ Յուպիտերը երևացել է գիշերային երկնքում, իսկ մարտի 8–ին կգրանցվի այդ իրադարձության բարձրագույն կետը։

«Խոշոր երկնային մարմինները դանդաղ են շարժվում։ Այդ պատճառով մի քանի ամիս շարունակ Արեգակը, Երկիր մոլորակն ու Յուպիտերը կգտնվեն մոտավորապես նույն գծի վրա և կերևան ոչ միայն մարտի 8-ին, այլ նաև մի քանի ամսվա ընթացքում»,-ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` Արեգակի շուրջ Յուպիտերի շրջապտույտը կազմում է 12 տարի։ Նա հավելել է, որ Յուպիտերի արբանյակները հնարավոր է տեսնել միայն հեռադիտակի միջոցով։