3 մարտի 2016 - 21:29 AMT
McDonald's-ը հերքում է՝ Հայաստանում ռեստորան բացել մտադիր չեն

McDonald's ցանցը չի պատրաստվում Հայաստանում ռեստորաններ բացել: Այդ մասին հայտնել է Եվրոպայում ցանցի ներկայացուցչության մամուլի խոսնակ Ջոանա դե Քոնինգը, գրում է «Նովոստի-Արմենիա»-ն:

Ավելի վաղ վրացի գործարար Թեմուր Չկոնիան տեղեկացրել էր Հայաստանում McDonald’s ռեստորանների ցանց բացելու մտադրության մասին: Նա նշել է, որ հարցը քննարկվելու է ապրիլին՝ Օրլանդոյում McDonald's ընկերության ղեկավարների հավաքին, ու կարծիք է հայտնել, որ լուծումը դրական կլինի: Որպես «կողմ» փաստարկներ, Չկոնիան, մասնավորապես, նշել էր, որ հայաստանցիները սիրում են այցելել ցանցի թբիլիսյան ռեստորանները:

McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: