ԱՄՆ-ն գործնականում ավարտել է առաջին ավիաբազայի շինարարությունը քրդերի կողմից վերահսկվող շրջանում` Սիրիայի հյուսիսում Ռամիլան քաղաքում: Միաժամանակ կրկնակի նշանակության երկրորդ բազան է ստեղծվում Քոբանի քաղաքի մոտ` թուրքական սահմանից ոչ հեռու:
Ինչպես հայտնում է «Վեդոմոստին» քրդական լրատվական BasNews գործակալության վրա հղումով, ավիաբազան օգտագործվելու է ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ նպատակներով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ-ն ավիացիոն ռազմակայան է կառուցում Էլ Հասակե գավառում` Ռամիլան քաղաքի գյուղատնտեսական օդանավակայանի տարածքում: Ռազմակայանի տարածքում վայրէջք կկատարեն ամերիկյան ուղղաթիռներ ու բեռնատար ինքնաթիռներ, որոնք զենք ու զինամթերք են առաքում քրդերին: Շրջանը, որտեղ գտնվում է ռազմակայանը, սիրիացի քրդերի վերահսկողության տակ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հսկողություն են հաստատել Սիրիայում որևէ օդանավակայանում: Նա նշել է, որ Սիրիայում խմբավորման հզորությունը փոքր է մնում:
Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: