7 մարտի 2016 - 16:57 AMT
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess-2016-ին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հրավիրված է մասնակցելու Norway Chess-2016 շախմատի մրցաշարին:

Մրցաշարի մասնակիցների ցանկը գլխավորում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Գլխավոր մրցանակի համար կպայքարեն նաև աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վեսելին Տոպալովը, հոլանդացի Անիշի Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել էլյանովը, հնդիկ Պենդիալա Հարիկրիշնան:

Մրցաշարի վերջին մասնակցին կընտրեն շախմատի երկրպագուները: Թեկնածուների թվում են Հոու Յիֆանը, նորվեգացի գրոսմայստերներ Համմերը, Գրանդելիուսը և Տարին: Մրցաշարը կանցնի ապրիլի 18-29-ը Ստավանգեր քաղաքում:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։