9 մարտի 2016 - 15:33 AMT
Հերթական թուրք լրագրողը կազատազրկվի Էրդողանին «վիրավորելու» համար

Թուրքական «Բիրգյուն» պարբերականի լրագրող Բարիշ Ինջեն դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման մի հոդվածի համար, որտեղ իբր վիրավորական արտահայտություններ կան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու` Բիլալի հասցեին: Այդ մասին գրել է «Ջումհուրիեթը»:

Ըստ թերթի տվյալների, Ինջեն 2013-ի դեկտեմբերին հոդված էր հրապարակել, որի տողերի առաջին տառերը 2 բառ են կազմում` Թայիփ և գող: Հոդվածը հրապարակվել է այն ժամանակ, երբ Թուրքիայում մեծ կոռուպցիոն սկանդալ էր, բարձրագույն պաշտոնյաների մասնակցությամբ: Ինքը հեղինակը հայտարարել է, որ դա պատահականություն է: «Բիրգյուն» թերթը մտադիր է բողոքարկել դատավճիռը Սահմանադրական դատարանում:

Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը հայտարարել է, որ 1845 քաղաքացու դեմ հետաքննություն է ընթանում Էրդողաին վիրավորելու մեղադրանքով:

«Նախագահին վիրավորելու համար 1845 քաղաքացի է մեղադրվում: Չեմ կարծում, որ դուք կկարողանայիք այդ վիրավորանքներն առանց կարմրելու կարդալ: Ոչ ոք չպետք է վիրավորելու ազատություն ունենա»,-հայտարարել է Բոզդագը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:

Նախագահին վիրավորելու համար թուրքական օրենքներով տուգանք է նախատեսված կամ 1-4 տարվա ազատազրկում: Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին այդ հոդվածը Էրդողանի վարած քաղաքականությանը դեմ հանդես եկողներին հետապնդելու նպատակով օգտագործելու համար: