10 մարտի 2016 - 16:55 AMT
Ադրբեջանից բռնագաղթածները ՀՀ-ում կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած տարածքները

Գործադիրը մարտի 10-ի նիստում ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում:

Հիմնավորման մեջ ասված է, որ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:

1988-1992-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին ՀՀ օրենքն ընդունվել է դեռ 2002-ին:

Այն կարգավորում է 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց համար Հայաստանի հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցներով ՀՀ տարածքում կառուցվածբնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները սեփականությանիրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները: