10 մարտի 2016 - 22:28 AMT
Վրաստանի քաղաքացիները ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմ կարող են ստանալ արդեն ամռանը

Եվրահանձնաժողովն ընդունել է Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ հաստատելու առաջարկը: Համապատասխան որոշումն ընդունված է ելնելով այն փաստից, որ 2015 թվականի դեկտեմբերին ԵՄ պաշտոնյաները դրական են գնահատել Թբիլիսիի կողմից վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի կատարման ընթացքը:

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, այժմ համապատասխան որոշում պիտի ընդունեն ԵՄ-ն ու Եվրախորհուրդը:

Միգրացիայի, ներքին գործերի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հույս է հայտնել, որ գործընթացն ավարտի կհասցվի մինչև ամառ: «Հուսով եմ, մինչև ամառ ամեն ինչ պատրաստ կլինի.. դրա համար 3-4 ամիս է անհրաժեշտ», - ասել է նա, գրում է apsny.ge-ն:

Որոշման ընդունումից հետո բիոմետրիկ անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները կկարողանան գտնվել Շենգենյան գոտու երկրներում 90 օր կես տարվա ընթացքում: Ընդ որում, նրանք չեն ունենա աշխատանքի իրավունք: