12 մարտի 2016 - 15:16 AMT
Հայ, հույն և թուրք կամավորները փորձում են փրկել Թուրքիայի ոչ մահմեդական ժառանգությունը

Փորձագետ կամավորները Թուրքիայից, Հայաստանից և Հունաստանից մեկտեղվել են Թուրքիայի ոչ մահմեդական ճարտարապետական ժառանգության պահպանման նախագծի շրջանակում, հայտնում է Anadolu-ն:

Վտանգված ավելի քան 100 եկեղեցի, դպրոց, վանք ու սինագոգ կգրանցվի, կկազմվի կատալոգ: Նախագիծը կազմակերպել է Մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիան, ինչպես նաև Anadolu Culture-ը: Նախագծի համակարգող Կագլա Փարլակն ասել է, որ իրենց ջանքերն ուղղված են Թուրքիայի տարածքում գտնվող մոտ 140 կառույցի փրկությանը: Միայն մի քանի մարդ կա, որոնց կարելի է հայկական արվեստի մասնագետ համարել, նշել է նա` շեշտելով գիտելիքների և փորձի պակասը արվեստի պատմության ոլորտում:

Խումբը փաստագրելու է Թուրքիայի 7 շրջանում օբյեկտների այցելությունների արդյունքները, այդ թվում Կայսերի գավառում, Ադանայի հարավում և Իզմիրում: Նախագիծը ֆինանսավորում է Անկարայում ԱՄՆ դեսպանատունը: Փորձագետներին անդամագրելու համար մոտ մեկ տարի պահանջվեց:

Փետրվարին նախագծի շրջանակում հրատարակվեց «Կայսերիի հայկական և հունական մշակութային ժառանգությունը» գիրքը, որտեղ ամփոփվեցին նախագծի առաջին արդյունքները: Գրքում ասվում է, որ 19-րդ դարի վերջում քաղաքում մոտ 15 000 հայ է ապրել: Ըստ տեղական ԶԼՄ-ների, այսօրվա դրությամբ այնտեղ 1 հայ է բնակվում:

Խումբն օգտվում է Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի պատրաստած տվյալներից: Հիմնադրամը աշխատել է 2 տարի` հայերի, հույների ասորիների և հրեաների կողմից կառուցված եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանատների գույքագրում անցկացնելով: Գույքագրվել է մոտ 10 հազար հուշարձան Թուրքիայի ամբողջ տարածքում:

Ընթերցեք նաև` «Հրանտ Դինք» հիմնադրամը կազմել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը