15 մարտի 2016 - 12:23 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցրել է ցեղասպանությանը

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն սատարել է բանաձևի նախագծին, որով քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցվում են ցեղասպանության: Բանաձևի հեղինակն է Նեբրասկայի ներկայացուցիչ Ջեֆ Ֆորթենբերին: Նշվում է, որ հենց այդ նահանգում է բնակվում Մերձավոր Արևելքից գաղթած եզդիների մեծ մասը:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 393 կոնգրեսական:

«Ռազմական հանցագործությունների մի մասը ծրագրված ցեղասպանություն է ԻՊ կողմից գրավված շրջաններում կրոնական փոքրամասնությունների դեմ»,-հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հավաստիացրել է, որ պետքարտուղար Ջոն Քերին կքննարկի նախաձեռնությունն առաջիկայում, հայտնում է Lifenews-ը:

Փետրվարին Քերին խոստացել էր կոնգրեսականներին որոշում կայացնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք քրիստոնյաների զանգվածային սպանությունները Մերձավոր Արևելքում ցեղասպանություն է: «Մենք հիմա անում ենք այն ամենն, ինչ հարկավոր է`ուսումնասիրում ենք օրենսդրական չափանիշներն ու դատապարտման նախադեպերը»,-ասել է Քերին` պատասխանելով կոնգրեսականների հարցին:

ԱՄՆ-ում գնալով հաճախակի են դառնում հալածանքների ենթարկվող քրիստոնյաներին պաշտպանելու կոչերը: Մտահոգված են դրանով նաև համաշխարհային առաջնորդները: Փետրվարի 12-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ու Հռոմի պապը հայտարարեցին, որ քրիստոնյաները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում բնաջնջվում են «ամբողջ ընտանիքներով, գյուղերով ու քաղաքներով», իսկ նրանց եկեղեցիները «բարբարոսաբար քանդվում են ու թալանվում»: Հոգևոր առաջնորդները նշեցին նաև քրիստոնյաների զանգվածային արտագաղթը Սիրիայից և Իրաքից: