Հազարավոր իսպանացիներ են մասնակցում բողոքի բազմաթիվ ակցիաներին, որոնք անցել են Եվրամիության և Թուրքիայի գագաթնաժողովին ընդառաջ, որտեղ «միավորված Եվրոպայի» առաջնորդները քննարկելու են Անկարայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իսպանիան արդեն հայտարարել է, որ չի սատարի փաստաթղթին ներկայիս տեսքով: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Բարսելոնայում, Սարագոսայում, Վալենսիայում, Սանտյագո դե Կոմպոստելերում և էլի մոտ 50 քաղաքում: Մադրիդի Պուերտա դել Սոլ կենտրոնական հրապարակում հավաքվել է մոտ 5 հազար մարդ: «Խայտառակություն ԵՄ-ին», «Ոչ պատերազմ, ոչ սահմաններ», «Ապարտեիդ», «Դադարեցրեք պատերազմները»` գրված է եղել պաստառներին:
Մանիֆեստի տակ իրենց ստորագրություններն են դրել բազմաթիվ հասարակական միավորումների, երկու խոշորագույն արհմիությունների, ինչպես նաև երկրի ամենամեծ ձախակողմյան կուսակցությունների Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության, Podemos-ի և «Ձախերի միավորման ներկայացուցիչները:
«Մանիֆեստը ստորագրած կազմակերպությունները հայտարարում են, որ ԵՄ-ն օգտագործում է փախստականներին Թուրքիայի հետ սակարկություններում: Դա ի հայտ է բերում նոր խնդիրներ համաեվրոպական հասարակության ձևավորման տեսակետից, քանի որ դուրս է մղում փախստականների ճգնաժամն այդ երկրների սահմաններից` հրաժարվելով Եվրոպայի հիմնարար սկզբունքներից»,-ասվում է փաստաթղթում:
«Եթե ԵՄ-ն վճարի Թուրքիային, դա չի վերացնի այն վտանգները, որոնցից փորձում են խուսափել փախստականներն իրենց երկրներում»,-հայտարարել են կազմակերպիչները` կոչ անելով ավելացնել «Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ֆինանսավորումը»:
«Ես եկել եմ պահանջելու ԵՄ երկրներից հիշել մարդու իրավունքների մասին, որի մասին հաճախ մոռանում են: Համաձայնությունը Թուրքիայի հետ այդ իրավունքների խախտում է: Ինչպես կարելի է զանգվածաբար արտաքսել Եվրոպայից պատերազմից փախչող մարդկանց»,-վրդովվել է ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ինչի՞ վրա են թուրքերը ծախսելու այդ 3 մլրդն: Ո՞վ երաշխիք կտա, որ գումարը ծախսվելու է փախստականների, ոչ թե քրդերի դեմ պատերազմի համար»,-ասել է մասնակիցներից մեկը:
Մարտի 17-ին և 18-ին Բրյուսելում տեղի կունենա գագաթնաժողով, որտեղ կքննարկվի միգրացիոն ճգնաժամը ԵՄ-ում և համագործակցությունը Թուրքիայի հետ դրա դեմ պայքարում: Նախատեսված է ԵՄ անդամ 28 երկրների վարչապետների հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ:
Քննարկվող համաձայնագիրը ԵՄ և Թուրքիայի միջև նախատեսում է, որ Անկարան հետ կընդունի բոլոր փախստականներին առանց բացառության, որոնք կհայտնվեն Հունաստանում Թուրքիայի տարածքով: Փոխարենը կարագացվեն Թուրքիայի հետ բանակցությունների այցագրերի ազատականացման վերաբերյալ բանակցությունները, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները և նախկինում նախատեսված 3 մլրդ եվրոյի հատկացման հարցը:
Ընթերցեք նաև. Եվրահանձնաժողովի նախագահ. Առաջիկա 10 տարում Թուրքիան չի միանա ԵՄ-ին