19 մարտի 2016 - 15:08 AMT
Անկարա. Երևանն ու Աթենքը «համատեղ թշնամանք» են դրսևորում Թուրքիայի դեմ

Թուրքիայի ԱԳՆ-ը մեղարդել է Հայաստանին ու Հունաստանին Թուրքիայի հանդեպ «համատեղ թշնամանք» դրսևորելու համար:

Ինչպես հայտնում է «Ազատությունը», նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այցը Հունաստան: Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ու վարչապետ Ալեքսիս Ցիպրասը որակել են Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի ոչնչացումը որպես ցեղասպանություն, ինչնառաջացրել է Անկարայի դժգոհությունը: «Այդ հայտարարությունները խղճուկ մտածելակերպի արտացոլում են ու ցույց են տալիս, որ հայ-հունական հարաբերությունները կառուցվում են Թուրքիայի դեմ համատեղ թշնամանքի ու զրպարտանքի հիման վրա», - ասել է նա:

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, բացի Հայոց ցեղասպանության հարցում Աթենքի դիրքորոշման վերահաստատումից, նաև նշել է, որ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ի պատասխան հայտարարել է, որ հայ-հունական բազմադար բարեկամական հարաբերությունները հիմնվում են ճակատագրերի միահյուսման ու փոխօգնության բազմաթիվ օրինակների վրա: «Ցեղասպանության հերքումը՝ որպես թուրքական պետական քաղաքականության գլխավոր ուղղություն չի ազատում Թուրքիային սեփական պատմության դիմաց պատասխանատվությունից», - ասել է նա: